Category: Հրապարակումներ
Published on 17 April 2014
Print
Մի հարց ու տարակուսանք,  վերջին երկուսուկես տասնամյակի  մի թնջուկ խոցոտում է հայ միտքը – այդ ինչպե՞ս եղավ, որ խորհրդային բռնապետության անկումից հետո մի շարք երկրներում իշխանության եկան այդ բռնապետության դեմ պայքարած գործիչներ, իսկ Հայաստանում… Ինչու՞ չեխերն ու սլովակները նախագահ ընտրեցին իրենց գլխավոր այլախոհին՝ Վացլավ Հավելին: Լեհերն ընտրեցին  Լեհ Վալենսային: Մի այլ քաղաքակրթական տարածքում – հարավաֆրիկացիները նախագահացրին ապարտեիդի գլխավոր հակառակորդ Նելսոն Մանդելային:

Ինչու՞ հայերը նախագահ չունեցան Պարույր Հայրիկյանին: Այս հարցին պատասխանողը վեր կհանի մեր արատները, մեր պատրանքները, մեր ինքնաճանաչողության պակասը, և, վերջապես, մեր ինքնադավությունը: Քանզի նայենք այս  գործչի կերպարին – բնությունը և հայ գենը նրան օժտել են բազում շնորհներով, նա եղավ մեր ազգային ինքնորոշման և անկախ պետականության վերականգնման ճանաչված, անձնազոհ ռահվիրան – ինչու՞ հայ ժողովուրդը չճանաչեց Պարույր Հայրիկյանի բարձր իրավունքը՝ կառավարել իրեն, կառավարել նոր ստեղծվող անկախ պետականությունը:


1980-ականների վերջին և 1990-ականների սկիզբի մեր մտավոր դասը, և նրա հետ՝ ողջ ժողովուրդը, կրթական մի շրջափուլ անցան Ազգային Միացյալ կուսակցության,  Ազգային Ինքնորոշում Միավորման գաղափարներով: Այդ սրբազան բառը՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, նույնանուն շաբաթաթերթի հրապարակումներով, տիրում ու գրավում էր մեր գիտակցությունը, ենթագիտակցությունը…Այդ բառը զգացող մարդիկ՝ անկախականները, մի երկու տասնամյակ առաջ էին անցել ընդհանուր զանգվածից: Պարույր Հայրիկյանի ազնվական կերպարը – մտածողը, գործիչը, բանաստեղծը. երգահանը – իշխում էր արթնացած ժողովրդի մի հատվածի հոգու մեջ…


Սակայն կլինեն 1991-ի նախագահական ընտրությունները, և մենք կընտրենք ուրիշին: ԱԻՄ-ը պարզեց սև դրոշներ: Խոստովանեմ – ես էլ մեր ազգի գրագետներից մեկն էի, բայց գիտակցությունս անհաղորդ էր այդ փաստի էությանը –  ինչու՞ ԱԻՄ-ը խավարած տեսավ մեր ապագան՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրությունով:


Ինչպես մինչև այդ, 1991-ին էլ Պարույր Հայրիկյանը ավելի հեռուն ու ավելի խոր էր տեսնում, քան մի ժողովուրդ… Նա տեսավ այն ժամանակ, իսկ մենք, ավելի ճիշտ՝ մեզանից քչերը, ավելի ուշ հասկացան, որ խորհրդային կայսրությունը, նրա հայկական ձագերը և գործակալական ցանցը մշակել-խեղել էին հայ գիտակցությունը, փչացրել մեր ներզգայությունը, և մենք նախագահ ընտրեցինք կայսրության հավատարիմ գործիքին: Ավելի ուշ – 1996-ին, երկրորդ նախագահական ընտրությունների օրերին, երբ մենք դեռ չէինք թոթափել առաջին նախագահի անսիրտ ինտելեկտի ծնած պատրանքները –  մուսալեռցիների մի շառավիղ, որ քաջածանոթ էր Տեր-Պետրոսյան ընտանիքին, ինձ ասաց. «Հակոբի տնից լավ բան սպասելի չէ»:  Եվ ի՜նչ – Շարժման սկզբից անցել է ավելի քան 25 տարի, և կայսրության հավատարիմը այսօր էլ շարունակում է իր ծառայությունը՝ ասելով՝ «Մաքսային միությանը (իմա՝ կայսրության կազմին, Լ.Դ.) Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է»: Ի՞նչ ասել այս սրբապղծությունը լսող ժողովրդին, որը չի ընդհատում տարիների հանցանքի ինքնախոստովանությունը անող կուռքին, նրան չի իջեցնում հարթակից և չի ուղարկում գրողի ծոցը…


Պարույր Հայրիկյա՞ն, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյան: Այս ճակատագրական ու եղծված ընտրությունը: Մի ազգային համայնքի կուրությունը շարունակում է… Ազատության հրապարակում հնչող կանացի ֆալցետը՝ «Լևո՜ն, Լևո՛ն», 2007-2008-ին և ավելի ուշ՝ սղոցում էր Օպերայի հիմքերը, մեր լսողությունն ու հիշողությունը – ի ամոթ մեր գոյության, ի հաստատումն մեր ինքնադավության:


 Մի քանի շաբաթ առաջ էր: Վերադառնում էինք Գեղարդից: Ճանապարհին հանդիպեցինք ԱԻՄ-ի ավտոերթը՝ հանրահավաքից հետո… Արդեն տանը հանդիպեցի մի տեղեկատվության՝ «Հայրիկյանի բազմահազարանոց հանրահավաքը»: Կարդացի, «բազմահազարանոց» էպիտետը հեգնանք էր – մարդիկ քիչ էին եղել:


Եվ ահա, եկա այս գրության հիմնական նպատակին: Որպես տարեգիր և հետազոտող Երրորդ հանրապետության, որ դեռևս 2002 թվականին լույս տեսած մենագրության մեջ («Երրորդ հանրապետության ողբերգությունը և աստեղային ժամը») տվել է պատմական դերակատարների բնութագիրը, այսօր լրացնում եմ մի պակասը այդ տարեգրության: Պարույր Հայրիկյան: Եթե այս մարդը մենակ էլ կանգնի Ազատության հրապարակի հարթակին, առանց որևէ աջակցի, նա այդպես ՄԵՆԱԿ էլ՝ պատմական և նույնքան այժմեական արժեք է՝ որպես ինքնորոշված հայ ժողովրդի առաջնորդ և իրական հիմնադիր Երրորդ հանրապետության: Ոչ այն պետության, որ ստեղծվեց և եղավ մեր իրական անկախության եղծողը, այլ այն ինքնիշխան պետության, որ ԿԱՐՈՂ ԷՐ ՍՏԵՂԾՎԵԼ, եթե հայ ժողովուրդը իշխանությունը հանձներ իր նվիրական զավակներին – ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ և ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ արժեքների իսկական կրողներին: Պարույր Հայրիկյանին: Բայց իր ճանապարհին և այժմ էլ այս գործիչը երբեք ՄԵՆԱԿ չի եղել - և քանի մարդ էլ նա հավաքի – միևնույն է՝ նրա հանրահավաքը միշտ եղել ու կմնա ԲԱԶՄԱՀԱԶԱՐԱՆՈՑ, քանզի մեր ժողովրդական ժողովի արժեքը որոշվում է ինքնագիտակից անհատների մասնակցությամբ, քանզի մեկ կա, որ հազար արժե, և կա հազար, որ մեկ չարժե:


Պարույր Հայրիկյանը և ԱԻՄ-ը ևս մի պատմական ճեղքում են արել, որ չի գնահատվել հայ զանգվածի կողմից: Գործիչը, լինելով ժամանակակից ժողովրդավարական պետության ջատագով, ինչ-որ բնազդով, հոգու և մտքի աշխատանքով, հասավ այն գիտակցությանը, որ պետության այդ տեսակը  զերծ չէ պատմական թուլությունից, անարդարությունից, արժեհամակարգային թերություններից, և անհրաժեշտ է ավելի համապարփակ էթիկական հենք՝ հայկական պետությունը կառուցելու համար: ԱԻՄ անվանմանը «Քրիստոնեավարներ» բառի ավելացումը  խոսում է այն մասին, որ Պարույր Հայրիկյանը ձգտում է հայկական պետական կառույցը օժտել բարձր էթիկայով: Ափսոս, նա երբևէ չունեցավ իշխանություն, որպեսզի իր պետականաստեղծ աշխատանքով իրականացներ այդ ձգտումը: Սակայն այդ աշխատանքը իրականացրեց հայ մարդկանց մի այլ խումբ – առանց իշխանության:  1990-ականների սկզբից սկսած՝ Դռնոյան-Նալյան հեղինակային խումբը հիմնեց «Պետականության էկոլոգիա» գիտական ճյուղը, մշակեց Բնության և Տիեզերքի Համապարփակ Օրենքների հիմքի վրա պետության ստեղծման տեսությունը, հայտարարեց տեսության և մանրակերտերի տիրույթում ՀԱՅՔ ՊԵՏՈՒԹՅԱՆ  հիմնարկեքի մասին:  Բնության և Տիեզերքի Օրենքների կրողը Ազգային Մշակույթն է, Հայք Պետությունը ստեղծվում է որպես հայոց մշակութապետություն: Այն նոր խոսք կլինի ներկա քաղաքակրթության զարգացման և Նոր Աշխարհակարգի ստեղծման համար:


Ազգային Ինքնորոշում - Անկախություն արժեհամակարգը Հայաստանում լիարժեք չի իրականացվել, քանի որ հայ ժողովրդի էթիկան չբականացրեց՝ իշխանության բերելու այն կրող քաղաքական ուժին և քաղաքական առաջնորդին: Այժմ Հայաստանը  Մաքսային Միության, նույնն է թե՝ կայսրության կազմ, տանում են գրեթե բոլոր իշխանական և «ընդդիմական» ուժերը: Եվ այս ժամին հայկական անկախական շարժման հետևորդները մնում են Հայաստանի քաղաքական հույսը՝ փրկելու սպառնալիքի տակ հայտնված մեր Անկախությունը:

Եզրահանգում.

  • Հայաստանի նորագույն պատմության հիմնական խեղումը եղել է այն, որ նոր պետականության ստեղծումը մնացել է կայսերական վերահսկողության տակ, իսկ Անկախության գաղափարի կրողը՝ Պարույր Հայրիկյանը, դուրս է մնացել պետականության կերտման գործընթացից: Սա եղել և մնում է հայ ժողովրդի էթիկական վրիպումը և մեղքը մեր պատմության առջև, որն սպասում է իր գիտակցմանը և մարմանը:
  • Պատմությունը կոչում է՝ «Պարույր Հայրիկյան, ներիր այս ժողովրդին», բայց և թողնում է հնարավորություն՝ սխալը ուղղելու, այս ճակատագրական ժամին  նրան վճռական դեր տալու համար:
  • Հայք Պետության գաղափարախոսությունը իրականություն կդառնա Ազգային Ինքնորոշում-Անկախություն արժեհամակարգի հիմքի վրա, և դրանով Պարույր Հայրիկյանը դառնում է Հայք Պետության հիմնադիրներից մեկը:

 

Հեղինակ` Լևոն Դռնոյան

 

Աղբիւր՝ pressing.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>