Category: Հրապարակումներ
Published on 03 October 2014
Print

Lragir.am-ը բազմաթիվ նյութեր է հրապարակել այն մասին, թե ինչ կարող է սպասվել Ղարաբաղին Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության դեպքում: Հրապարակումներում ենթադրություններ էին արվում այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանի անդամակցությունից հետո կարող է պայմանավորվածության հասնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու մասով: Եւ ահա, այդ մասին փաստացի սկսել են բացահայտ խոսել:

Կրեմլին մերձ փորձագետները նշում են, որ Հայաստանի անդամակցությունից անմիջապես հետո սկսվելու է Ադրբեջանի եվրասիական ինտեգրումը, որը «բնական կերպով հայտնվելու է եվրասիական հանրության մեջ»:

Փորձագետներից մեկը՝ Սերգեյ Մարկովը նշել է, որ ներկայում հայ, ռուս եւ ադրբեջանցի դիվանագետները ակտիվ բանակցություններ են վարում ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությամբ: Նրա խոսքով, այդ բանակցություններին շուտով միանալու են թուրք դիվանագետները:

«Գործընթացը սկսվել է, դիվանագետները սկսել են շարժումը, իսկ դա կարող է հանգեցնել Խաղաղության մեծ պայմանագրին: Առաջին փուլում հնարավոր է Ադրբեջանի 7 օկուպացված շրջանների ազատումը հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների ապաշրջափակման դիմաց: Այս տարբերակի վրա ներկայում աշխատում են դիվանագետները», ասել է նա:

Մեծ երեւակայություն պետք չէ հասկանալու համար, թե որն է լինելու «երկրորդ փուլը»: Քանի որ Ադրբեջանը նույնպես մտնելու է Եվրասիական միություն, երկրորդ փուլում ստանալու է ողջ Ղարաբաղը՝ ինչ որ կարգավիճակով: Այսինքն, կրկնվելու է 1920 թվականի սխեման:

Այլ կերպ չի կարող լինել, քանի որ դա Ռուսաստան-Հարավային Կովկաս պատմական ու քաղաքական իրավիճակի տրամաբանությունն է: Երբ Ռուսաստանը «հեռանում» է Կովկասից, Հայաստանը հնարավորություն է ստանում մեծացնել իր տարածքը եւ կառուցել անկախ պետականություն: Երբ Ռուսաստանը վերադառնում է, դա տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխանության, տարածքների ու շահերի հաշվին: Այլ կերպ Ռուսաստանը չի կարող վերադառնալ եւ չի կարող կայսրություն ստեղծել: Ռուսական կայսրությունը հնարավոր է միայն Թուրքիայի ու Ադրբեջանի օգնությամբ, հասկանալի է, թե ինչ վճարի դիմաց:

Ռուսաստանը երկկողմ պայմանագրերով Հայաստանին արդեն զրկել է արտաքին ինքնուրույն քաղաքականությունից, իսկ Եվրասիական միություն մտցնելուց հետո կզրկի նաեւ ինքնիշխանությունից: Այդ ժամանակ Ղարաբաղի խնդիրը «կարգավորվելու» է արդեն Ռուսաստան-Եվրասիական միություն-Ադրբեջան ձեւաչափով: Եվրասիական միության անդամները Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցներն են եւ զինում են Ադրբեջանին:

Ադրբեջանն իսկապես «Եվրասիական հանրության բնական մասն է» եւ այլ տեղ չի էլ կարող լինել: Եվրասիական միությունը ներկայում Ադրբեջանի պետականության եւ Ալիեւի ռեժիմի գոյատեւման միակ երաշխիքն է: Զուր չէ, որ Թուրքիան Ադրբեջանին մղում է Եվրասիական միություն, իսկ ինքն էլ պատրաստ է սերտ հարաբերություններ հաստատել այդ միության հետ:

 

Աղբիւր՝ Լրագիր

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>