Category: Հրապարակումներ
Published on 13 September 2014
Print



Վաղը ԱԻՄ-ականները կորոշեն՝ դադարեցնելո՞ւ են հացադուլը, թե՞ ոչ: Այս մասին հանրահավաքի ընթացքում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հանրահավաքի ընթացքում կրկին բարձրաձայնվում էր ամբողջական իշխանափոխության և նախագահի հրաժարականի հարցը: Հնչեցվում էր «Ազատ, անկախ Հայաստան» և « Այս երկիրը տեր ունի, այդ տերը մենք ենք» կարգախոսները: Պարույր Հայրիկյանն իր խոսքում նաև նշեց, որ Հայաստանում չկան ազգային կուսակցություններ, հիմնականում բիզնես շահեր հետապնդող կուսակցություններ են:

Պարույր Հայրիկյանը նաև ընդգծեց, որ բոլոր նրանք, ովքեր դժգոհ էին իշխանություններից և գիտեին, որ այս իրավիճակից դուրս գալու ելքը իշխանությունների հրաժարականն է, և գիտեին, որ ԱԻՄ-ն այդ նպատակով պայքարում է, բայց չեկան՝ կարող են հանգիստ ասել՝ «այս օրերին ապրեցի որպես ոջիլ, որովհետև գիտեի, որ իմ ազատության, իմ կյանքի բարելավման համար 5 հոգի դուրս էին եկել փողոց, և իմ պարտքը չհամարեցի կանգնել նրանց կողքին, ինչպես իմ պապերը չէին կանգնել Նժդեհի, Դավիթ-Բեկի կողքին, այլ գտան սինլքորներ, Մխիթար սպարապետի գլուխը կտրող սրիկաներ և միացան նրանց»,- ասաց Պարույր Հայրիկյանը: ԱԻՄ առաջնորդը նաև հանրահավաքի մասնակիցներին երգ նվիրեց:

Հանրահավաքի ընթացքում ներկաները նաև քվեարկեցին՝ արդյոք անհրաժե՞շտ է նախագահի հրաժարականի պահանջով կրկին քայլերթով գնալ նախագական: Հետո եկան այն եզրահանգման, որ նախագահականում դրան արժանի չեն: Ուստի հանրահավաքը ավարտվեց:

 

Աղբիւր՝ 1in.am

 
Category: Հրապարակումներ
Published on 08 September 2014
Print

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանն այսօր երեկոյան սկսել է իր կողմից շուրջ 20 օր առաջ հայտարարած հացադուլը, որով հորդորում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Պարույր Հայրիկյանը, նա ամեն օր ժամը 17-ից 18-ը լինելու է նախագահական նստավայրի դիմաց և սպասելու է Նախագահի պատասխանին, ավելի ճիշտ՝ հրաժարականին: 

«Այդ ընթացքում կարող է լինեմ Դադիվանքում, Հաղարծինում, Խոր Վիրապում, այսինքն՝ վանքերում: Վանքերում աղոթելու եմ, որ Աստված մեր իշխանություններին տա այն, ինչ իրենց պակասում է, մեկը կհամարի խելք, մյուսը՝ բարություն, ճշմարտության զգացողություն, ամեն դեպքում տա այն, որ կարողանան գնալ աստվածահաճո ճանապարհով»,-ասաց նա: 

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ Պարույր Հայրիկյանը հայտնել էր Tert.am-ին, այնպիսի պայմաններ, ինչպիսիք ստեղծվել են Հայաստանում, երկրի ղեկավարը պետք է հրաժարական տա: Վերջինիս համար Նախագահի հրաժարականը պահանջելու առավել մեծ հիմք է հանդիսանում եվրաասոցացման գործընթացի ձախողումը: 

Դիտարկմանը, թե մոտ 20 օր առաջ էր հայտարարել հացադուլի մասին, ի՞նչ տվեց իրեն այս ժամանակահատվածը, քաղաքական գործիչը պատասխանեց. «Այս ժամանակահատվածը այն ստրատեգիական հարցի վերաբերյալ, որը ինձ հարկադրում է հացադուլ անել, որևէ պատասխան չտվեց, դրական շարժ չտեսա: Նախագահի այցը ՆԱՏՕ, ընդամենը մի այց էր: 1991թ-ին՝ անկախության հանրաքվեի ժամանակ, մեր ժողովուրդը ումի՞ց անկախացավ ու հեռացավ, Ռուսաստանից, չէ՞: Այդ ժամանակ ժողովրդի 94%-ն ասել է՝ չենք ուզում Ռուսաստանի հետ հարաբերվել, որովհետև 200 տարուց ավելի մենք տեսանք, որ Ռուսաստանը չարիք է մեզ համար: Հիմա ո՞վ է իրավունք տվել, ժողովրդի 94%-ով որդեգրած ռազմավարությանը արհամարհական վերաբերմունք ցույց տալ, թեկուզ դու լինես երկրի նախագահ: Նաև Սերժ Սարգսյանը իր նախընտրական քարոզարշավի ընթացքում ազդարարում էր, որ ինքը Եվրոպական միության կողմնակից է, ու Հայաստանը գնում է դեպի եվրաասոցացում և այդպես է ընտրվել: Հիմա այդ դեպքում պետք է ասենք՝ դու խաբել ես ընտրողներիդ, եթե հրաժարական չի տալիս»,-բացատրեց նա: 

Հարցին, թե ո՞ր դեպքում կդադարեցնի հացադուլը և որքա՞ն է հացադուլի մեջ լինելու, եթե ՀՀ Նախագահը հրաժարական չտա, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Ինձ համար ամեն ինչ հստակ է, և վայ այն մարդուն, ով չգիտի, թե իր գործողությունները ինչ ժամանակացույցով պետք է ընթանան: Բայց ես այս պահին պատասխան չեմ տա: Կավարտեմ հայկական ավանդական կարգով, եթե երրորդ օրը հրաժարական տա, երրորդ օրը կդադարեցնեմ, եթե չորրորդ օրը, ապա` չորրորդ: Իսկ եթե հրաժարական չտա, ես հետո կբացեմ փակագծերը ու կասեմ, թե ինչ եմ անելու»:

 

Աղվիւր՝ Tert.am

 
Category: Հրապարակումներ
Published on 31 August 2014
Print

ՆԱՏՕ-ի 7 երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Կանադան, Դանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Նորվեգիան եւ Նիդեռլանդները պատրաստվում են ստեղծել համատեղ արագ արձագանքման էքսպեդիցիոն կորպուս, որն ունենալու է մոտ 10 հազար անձնակազմ եւ ներառելու է ռազմա-օդային, ռազմա-ծովային եւ հետեւակային ուժեր:

Նպատակը Հյուսիսատլանտյան ուժերի ուժեղացումն է ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների, գրում է Financial Times-ը:

Այս նախաձեռնության մասին պաշտոնապես հայտարարելու է Մեծ Բրիտանիայի վարչապետ Կեմերոնը Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի վեհաժողովում:

Այս շաբաթ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենը հայտարարել էր, որ Հյուսիս-ատլանտյան դաշինքը ծրագրում է նոր բազաներ ստեղծել Արեւելյան Եվրոպայում: Նրա խոսքով, Ուելսի վեհաժողովը պետք է հաղթահարի տարաձայնությունները Ռուսաստանի սահմաններին դաշինքի ներկայությունն ուժեղացնելու հարցում:

Նա ասել է, որ դաշինքն ընդունելու է գործողությունների ծրագիր, Եվրոպայում անվտանգության լիովին նոր միջավայրին արագ արձագանքելու նպատակով:

Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համաձայնագիրը, ըստ որի Դաշինքը հրաժարվում էր բազաներ տեղակայել Արեւելյան Եվրոպայում, փաստացի դադարել է գործել: Դրա առիթը եղել է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում: Ղրիմի բռնակցումից հետո Դաշինքը հայտարարել է, որ այդ համաձայնագիրը կորցրել է ուժը:

Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի խոշոր բազաների ստեղծումը լիովին նոր իրավիճակ է ստեղծում: Այս հարցի շուրջ ՆԱՏՕ-ում կան տարաձայնություններ, մասնավորապես Գերմանիան եւ Թուրքիան դեմ են այդ ծրագրին: Սակայն ԱՄՆ-ն հասկացնել է տվել, որ եթե Ուելսի վեհաժողովում այդ հարցը չլուծվի, ԱՄՆ-ն ինքն է ձեռնամուխ լինելու բազաների ստեղծման խնդրին, ՆԱՏՕ-ից անջատ:

Փաստացի, Ուելսի վեհաժողովից առաջ Մեծ Բրիտանիայի եւ վեց պետությունների վերոհիշյալ նախաձեռնությունը նույնպես այն դեպքի համար է, եթե Ուելսի վեհաժողովում համապատասխան որոշումը չընդունվի:

Բացի այդ, Ուելսի վեհաժողովում կարող են կարեւոր որոշումներ ընդունվել նոր գործընկերների, մասնավորապես Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ հարաբերությունների ձեւաչափի վերաբերյալ: Քննարկվում է այս երկրների հետ սերտ հարաբերությունների ռեժիմի խնդիրը, առանց անդամակցության:

ՆԱՏՕ-ն փաստացի մտադիր է Սեւ ծովից Կասպից ծով անվտանգության գոտի ստեղծել, ինչը չի կարող չառնչվել Հայաստանին: Օրերս Հայաստանում մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն ակնարկել է, որ նպատակահարմար կլիներ Ուելսի վեհաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցությունը ՀՀ նախագահի մակարդակով: Նա ասել է նաեւ, որ Հայաստանը յուրահատուկ արժեքավոր փորձ ունի՝ հաջողությամբ ու արդյունավետ համագործակցում է ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ:

Սակայն, այդ իրավիճակը կարծես թե մոտենում է «հանգուցալուծմանը»: Բանն այն է, որ ի պատասխան ՆԱՏՕ-ի այս նախաձեռնությունների, Մոսկվան փորձում է հյուսիս-ատլանտյան դաշինքին հակադրել իր ռազմական բլոկը՝ ՀԱՊԿ-ը: Երեկ շտապ տեղեկություն հրապարակվեց, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է խաղաղարար գործողություններ իրականացնել նաեւ դաշինքի անդամ երկրների տարածքից դուրս, այդ թվում՝ Ուկրաինայում: Մոսկվան պատրաստվում է դիմակայության, ներգրավելով նաեւ ՀԱՊԿ անդամ երկրներին:

Հայաստանը փաստացի կանգնում է ընտրության առջեւ, քանի որ դժվար թե հաջողվի շարունակել հաջողությամբ համագործակցել դիմակայության մեջ մտնող երկու բլոկների հետ: Իհարկե, տեսական հնարավորություններ կան, սակայն Մոսկվան ՆԱՏՕ-ի հետ «կապերը» դժվար թե փորձի իրագործել Հայաստանի միջոցով: Դրա համար կան Գերմանիան ու Թուրքիան:

Կա իհարկե նաեւ «չեզոքության» տարբերակը, սակայն առայժմ չի երեւում, թե ինչի հաշվին կարելի է դա իրագործել:

Ուելսի վեհաժողովը լինելու է բախտորոշ իրադարձություն, որտեղ վճռվելու է «նոր աշխարհակարգի» ձեւավորման հերթական փուլի հարցը: Սա լեգիտիմ եւ օբյեկտիվ գործընթաց է: Այս գործընթացում Ռուսաստանը եւ նրա դաշնակիցները լինելու են «չարիքի կայսրության» դերում, որքան էլ դա «տհաճ ու անարդարացի» լինի պրո-ռուսական բլոկի համար:

Ընդ որում, ամենատհաճը Ռուսաստանի «դաշնակիցների» համար կպարզվի վերջում, երբ հայտնի կդառնա, որ Ռուսաստանը մասնակցել է «նոր աշխարհակարգի» ստեղծման գործընթացին, իսկ նրա «դաշնակիցները» եղել են ընդամենը անհրաժեշտ զոհաբերությունը, որոնց հաշվին տեղի է ունենալու աշխարհի նոր վերաձեւումը:

 

Աղբիւր՝ lragir.am

 
Category: Հրապարակումներ
Published on 04 September 2014
Print

Այսօր նախագահական նստավայրի դիմաց ԱԻՄ առաջնորդը հինգ օր ժամանակ տվեց Սերժ Սարգսյանին՝ ինքնակամ նախագահի պաշտոնից հրաժարվելու համար: Հետո ասաց, որ հինգ օրից, եթե իր պահանջը չբավարարվի, ինքը նույն պահանջով հացադուլ է սկսելու:

«Տասնյակ մարդիկ ասում են, որ պատրաստվում են ինձ հետ մասնակցել այդ հրաժարականի պահանջով հացադուլին, բայց ես հրաժարվում եմ, չեմ պատրաստվում այդ օրն այստեղ գալ հացադուլ սկսել ու նկարվել: Նկարվելու համար չեմ անում, անում եմ որպես այն մարդ, որը տասնյակ տարիներ արել է այն, ինչ պետք է արվեր մեր ժողովրդի մտավորականության կողմից»,- հայտարարեց պարոն Հայրիկյանը՝ տեղեկացնելով, որ հնարավոր է՝ հացադուլն անի վանքերից մեկում:

Նա իր պահանջի ու նախատեսած հացադուլի մասին գրավոր նամակ հանձնեց Սերժ Սարգսյանի համար:

Հետո քննադատեց Ռուսաստանին՝ պնդելով, որ Հայաստանի համար ձեւական ռազմավարական դաշնակից է. «Ի դեմս «դաշնակցի» Հայաստանում ունենք իր ներկայությունը ապահովող ու որեւէ կերպ իր դաշնակցին սպառնացող վտանգներին մաս չկազմող, իր պարտավորությունները չկատարող պետություն»:

Նրա խոսքով, անիմաստ է Ռուսաստանից կախման մեջ մնալ, քանի որ. « Ի դեմս Ռուսաստանի՝ աշխարհն ունի թիվ մեկ գլխացավանքը: Ռուսաստանը ձեռնոց է նետել իրենից տասնյակ անգամ ավելի հզոր պետությունների համագործակցությանը ու այդ պայմաններում Ռուսաստանից կառչած մնալը նշանակում է Ռուսաստանի բոլոր հակառակորդներին որպես հակառակորդ ընկալել այս տարածաշրջանում: Մեր ռուսասիրության համար մի անգամ արդեն ցեղասպանություն ապրել ենք: 1915 թվականի ցեղասպանությունը անկախության ձգտելու համար չէր, մեզ ասում էին դուք ուզում եք մեր դարավոր թշնամուն բերեք մեր տարածքները: Պետք է դաս քաղենք պատմությունից»:

ԱԻՄ-ի կազմակերպած բողոքի ակցիան մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարության մեկ տարվա առիթով էր: Հիշեցնենք, որ նախորդ տարի այս օրն էր նախագահ Սարգսյանը հայտարարել ՄՄ-ին անդամակցելու մասին:

 


Աղբիւր՝ Aravot.am

 
Category: Հրապարակումներ
Published on 08 August 2014
Print

«Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը գտնում է, որ Սոչիում կայանալիք՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից դրական սպասելիքներ պետք չէ ունենալ, քանի որ այնտեղ ներկա է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Եթե այդ հանդիպմանը ներկա է Պուտինը... ակնկալիք բառն իր մեջ դրական իմաստ է պարունակում։ Ամբողջ աշխարհի կողմից մերժված Պուտինից և պուտինյան Ռուսաստանից որևէ լավ սպասելիք չեմ կարող ունենալ։ Կարող եմ հուսալ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների գիտությամբ տեղի ունեցող միջոցառումն առանձնապես ծանր բացասական հետևանքներ չի ունենա»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ հնարավոր բացասական հետևանքն այն է, որ հարցի ծանրությունը Մինսկի խմբից տեղափոխվի Ռուսաստանի վրա, բայց կարծես թե դա այսօր չի սպառնում մեզ, որովհետև Ռուսաստանն աշխարհով մեկ «լավ խրվել է»։ 
Հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վրա ինչ ազդեցություն կունենա նախագահների հանդիպումը, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց. «Եթե ինչ-որ բան պետք է փոխվեր Ռուսաստանի դերակատարությամբ, ապա դա վաղուց պետք է լիներ, և այս հանդիպման անհրաժեշտությունը չկար։ Բավական էր, որ Ռուսաստանն ասեր՝ Հայաստանի վրա կրակոցը համարում ենք մեզ վրա կրակոց, բայց Ռուսաստանը, բնականաբար, ունի իր իրական և թվացյալ շահերը»։

Պարույր Հայրիկյանը նաև հայտարարեց, թե որևէ դրական փոփոխություն կարող է լինել միայն համաշխարհային հանրության հիմնական դերակատարների միասնական կամ առանձին-առանձին, բայց նույն ուղղությամբ արված գնահատականների շնորհիվ։

Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանը, նա նկատեց. «Եթե Հայաստանում Ռուսաստանն ունի 90 տոկոս գործակալական ցանց, Ադրբեջանում էլ կա դա։ Այս տարածաշրջանում լարվածությունը պահելը Ռուսաստանին է պետք»։

 

Աղբիւր՝ Tert.am

 

 

Page 5 of 39

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>