Category: Ասուլիսներ
Published on 10 January 2013
Print

ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու  Պարույր Հայրիկյանի գնահատմամբ, ընտրական հետաքրքիր փուլ է սկսվել,  ու մի քանի շաբաթ առաջվա հուսահատական իրավիճակն էլ չկա:

Նրա կարծիքով, ընտրություններից առաջ քաղաքական դաշտը բավականին մաքրվեց:  «Ես անգրագիտության վերացման դասընթացներ չեմ ցանկանա անել թեկնածուների համար, թեեւ նրանք դրա կարիքն ունեն»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց պարոն Հայրիկյանն ու հպարտացավ իր ու իր թիմի առավելությամբ՝ «անցած ճանապարհ ունենք».  «Գաղափարախոսական տեսանկյունից մենք մի մեծ առավելություն ունենք, եթե մյուսներն ասում են՝  կտան, մենք ասում ենք՝ կօգնենք իրացնել Աստծո կողմից տրվածը՝ ինքնորոշման իրավունքը:  Մենք ժամանակին սկսել ենք ազատ, անկախ Հայաստանի Հանրապետության  գործնական իրականացումը եւ  հաջողվել է Հայաստանը  դարձնել անկախ պետություն, բայց Հայաստանը միջազգային իրավունքին ենթակա է: Բոլորն են խոսում ժողովրդավարության մասին, բայց գաղափարներով հանդես եմ գալիս միայն ես»:

Պարոն Հայրիկյանը կրկին պնդեց՝ մրցակցային  բարդ ընտրություններ են սպասվում, որովհետեւ դժվար է լինելու իր դեմ  մրցել: Հետո էլ հավելեց՝ Հրանտ Բագրատյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին մրցակից չի տեսնում. «Նրանք  այն ժամանակ էլ էին իմ դեմ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմում էին, նրանք այսօր էլ են իմ դեմ:  Բայց ես նրանց իմ մրցակից չեմ տեսնում, նրանց իմ ընկերներն եմ համարում:  Առանց Հայրիկյանի Հայաստան պատկերացնել ցանկացողները ցանկանում են Հայաստանը դառնա սերժորոշման, րաֆֆորոշման երկիր, իսկ ես ցանկանում եմ Հայաստանը  դառնա ինքնորոշման երկիր»:

Պարոն Հայրիկյանը նաեւ անդրադարձավ իր ավելի վաղ հայտնած տեսակետին՝ ընտրություններին գումար վերցնողներն ու  բաժանողները ոչխարներ են. «Սրտանց ներողություն եմ  խնդրել աշխարհի բոլոր ոչխարներից, որովհետեւ դրամ տվողն ու բաժանողը հայրենիքն է վաճառում»:

 

Աղբյուր՝  Առավոտ

 
Category: Ասուլիսներ
Published on 22 December 2012
Print

Պարույր Հայրիկյանին անհրաժեշտ է ընդամենը 2 տարի Հայաստանում իր ծրագրած քաղաքական փոփոխությունները կյանքի կոչելու եւ մեր երկիրը բացառիկ դարձնելու համար: Այս ընթացքում Հայաստանը կդառնա այնպիսի երկիր, որտեղ մեկի իշխանությունը մյուսին կհակակշռի, սակայն չի խանգարի:

Երկու տարվա նախագահությունից հետո Հայրիկյանի հետագա անելիքները կվճռվեն ըստ նրա եւ ժողովրդի ցանկության, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա։
Հինգ տարի Հայաստանում նախագահած եւ ազգային քաղաքական կյանքում էական առաջընթաց չապահոված ուժերը պատրաստ են հինգ տարի եւս որեւէ էական առաջընթաց չապահովել, սա աշխարհի վերջ չի՞ հիշեցնում, ասում է Պարույր Հայրիկյանը եւ ընդգծում, որ իր բարոյական պարտքն է առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում։
Իսկ ընտրագրավի գումարը` ութ միլիոն դրամ, արդեն ունի: Գործընկերներն են օգնել ու խոստացել օգնել:
«Մենք հաղթելու փորձ ունենք»,- ընդգծեց Հայրիկյանը: Հենց այս հանգամանքն է Հայրիկյանը դնում առաջիկա ընտրություններում նոր հաղթանակի հասնելու համոզման հիմքում:
ԱԻՄ առաջնորդը ներկա պահին հավակնում է ժողովրդի 20 տոկոսի վստահության քվեին: Դա այն դեպքում, երբ քարոզչական որեւէ աշխատանք դեռ չի տարվել։
Քաղաքական այլ ուժերի հետ գործակցությանը Հայրիկյանը դեմ չէ, մանավանդ որ հստակ գիտակցում է` 5 տասնյակ տոկոսին մոտ ձայն ստանալը չափազանց դժվար է տրվելու: Սակայն միաժամանակ կարծում է, որ ինքը կարող է լինել ընդդիմության միասնական թեկնածուն: Իր հետ պետք է համաձայնեցվեն թե ՀԱԿ-ի, թե ՀՅԴ-ի ծրագրերը:
Ի դեպ` ԱԻՄ-ի արձագանքը ՀՅԴ-ի առաջարկած քաղաքական պլատֆորմին դրական է: Հրանտ Բագրատյանին էլ որպես նախագահի` արդեն ՀԱԿ-ից դուրս թեկնածուի հարգանքով է վերաբերում: Եթե վերջինս իր տնտեսական գիտելիքները համադրի Հայրիկյանի` նախագահ դառնալու ցանկությանը,  Հայրիկյանը պատրաստ է գործակցության:
Ծառուկյանի առաջադրման-չառաջադրման հարցը մի կողմ դրած` Հայրիկյանը կարծում է, որ ԲՀԿ առաջնորդը և նրա մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, հենց իրեն են ձայն տալու: Ավելին` Հայրիկյանը համոզված է, որ ԲՀԿ ընտրազանգվածի մեծ մասը տրամադրված է ձայն տալ հենց իրեն: Չի բացառում նաև, որ ՀՀԿ-ի ընտրազանգվածի մեծամասնությունն էլ ձայնը տա իրեն: Ինչո՞ւ. որովհետեւ Հայաստանի սահմանադրության հիմքերում կանգնած Հայրիկյանը լուրջ գործնական քայլեր է առաջարկում։
ԱԻՄ ղեկավարը հայտնեց նաև, որ նախագահական ընտրությունների համար նախատեսված իր գրասենյակը նախագահի նստավայրից մի քանի մետր այն կողմ է: Սա, Հայրիկյանի ներկայացմամբ, դիտավորություն է, որպեսզի անցումը նախագահական նստավայր երկար ժամանակ չխլի։

 

«Ռադիոլուր»

 
Category: Ասուլիսներ
Published on 22 December 2012
Print

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն, ով իր բարոյական պարտքն է համարում առաջադրվել նախագահական ընտրություններում, ընտրագրավի /ութ միլիոն/ համար նախատեսված գումարն արդեն ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն տեղեկացրեց ինքը` Հայրիկյանը: Նրա խոսքով՝ կա նաև որոշակի գումար առաջիկա աշխատանքների համար:


Henaran.am
-ի հարցին, թե որտեղից է գոյացել Հայրիկյանի ընտրագրավը, պատասխանեց, որ իրենց բոլոր միջոցները գոյանում են ԱԻՄ-ականների, ԱԻՄ-ի հավակնորդների միջնորդավճարներից:  ՛՛Երբ փոխանցենք պաշտոնապես գործող հաշվեհամարին, կբացահայտենք, միայն երկու դեպք կա, ովքեր չեն ուզում, որ իրենց անունները նշվի՛՛,-նշեց Հայրիկյանը: Վերջինս հույս է դնում նաև ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանի վրա, ով, Հայրիկյանի խոսքով, խոստացել է, որ կօգնի իրեն: ՛՛Այսօր  էլ հանդիպելու եմ  հայ իրականության ամենահարուստ մարդկանց հետ, նրանց մի մասը Հայաստանից է, իսկ մյուս մասը՝ արտասահմանից: Այնպես որ ֆինանսական խնդիրներ չունենք՛՛,-ընդգծեց Հայրիկյանը:

ԱԻՄ ղեկավարը հայտնեց նաև, որ նախագահական ընտրությունների համար նախատեսված իր գրասենյակը նախագահի նստավայրից մի քանի մետր այն կողմ է: Սա, Հայրիկյանի ներկայացմամբ, դիտավորություն է, որպեսզի անցումը նախագահական նստավայր երկար ժամանակ չխլի:

 
Category: Ասուլիսներ
Published on 22 December 2012
Print

՛Նախագահական ընտրություններում կլինեն առաջադրվող տրոյական ձիեր, ովքեր միայն եթերի ժամանակն են խլելու հիմնական թեկնածուներից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ  Պարույր Հայրիկյանը: Վերջինս իզուր չհիշատակեց եթերային ժամանակը, քանի որ ինչպես ինքը նշեց, անհանգստացած է նախագահական ընտրություններում ՛՛Հանրային՛՛ հեռուստաընկերության մեկ րոպեի համար սահմանված արժեքով:

՛՛Նվազագույն աշխատավարձ ստացող հայ մարդը պետք է չօգտվի ոչ մի բարիքներից, չուտի, չխմի, չհագնվի, ոչ մի բան չանի, որպեսզի կարողանա մեկ ժամ խոսել ՛՛Հանրային՛՛ կոչվող հեռուստատեսության եթերում՛՛,-բացատրեց Հայրիկյանը:

Նշենք, որ փետրվարի 18-ին կայանալիք հանրապետության նախագահի ընտրության նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քաղաքական գովազդի վճարովի եթերաժամի մեկ րոպեի սակագինը հանրային հեռուստատեսության համար սահմանված է 80 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն, իսկ հանրային ռադիոընկերության եթերի համար՝ 3600 դրամ:

 
Category: Ասուլիսներ
Published on 22 December 2012
Print

ԱԻՄ-ի արձագանքը ՀՅԴ-ի առաջարկած քաղաքական պլատֆորմին դրական է, բայց ԱԻՄ-ն ավելի գործնական քայլեր է առաջարկում: Այսօր ասուլիսում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Լրագրողների հարցին, որ հավանություն տալով այս ծրագրին, ինչո՞ւ Հայրիկյանը չի ցանկանում ՀՅԴ-ի հետ միավորվել նույն թեկնածուի շուրջ, Հայրիկյանն արձագանքեց. ՛՛Ես առաջարկում եմ մի բան, որ հաղթանակ է բերելու բոլորին՛՛:  Սակայն նա համաձայնեց, որ նախագահական ընտրություններում դժվար է լինելու հիսունմեկ տոկոս ձայն հավաքել, և ըստ նրա, եթե ապրենք ներդաշնակ կյանքով, ապա երկրորդ փուլն անխուսափելի է:

Henaran.am-ի հարցին, թե արդյոք մրցակից համարում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին, ով երեկ հայտարարել էր, որ միառժամանակ դադարեցնում է համագործակցությունը ՀԱԿ-ի հետ, և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման դեպքում, ինքը կառաջադրի իր թեկնածությունը, Հայրիկյանը պատասխանեց. ՛՛Նախագահական պայքարի փուլում բոլորն իրար մրցակիցներ համարոմ են. Բագրատյանին ես գնահատում եմ, երբ նա վարչապետ էր, միջոցներ հատկացրեց բանակի համար, բայց կարծում եմ, որ նա, իմանալով, որ ես նույնպես թեկնածու եմ, իր տնտեսական գիտելիքները կհամադրի իմ նախագահ դառնալու ցանկության հետ,  և ես պատրաստ եմ ընդունել այն՛՛:

Ինչ վերաբերում է ընտրազանգվածին, ապա ԱԻՄ ղեկավարը վստահությամբ նկատեց, որ ԲՀԿ-ի ընտրազանգվածի մեծ մասը տրամադրված է ձայն տալ հենց իրեն:  ՛՛Չեմ բացառում նաև, որ ՛՛Հանարպետականի՛՛ մեծամասնությունն էլ տա ձայն ինձ՛՛,-ընդգծեց Հայրիկյանը:

Մեկնաբանելով իր նախորդ ասուլիսում հնչեցրած այն միտքը, թե իրեն է ընտրելու և՛ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, և՛ նրա մայրը՝ Ռոզա Ծառուկյանը՝ Հայրիկյանն ասաց, որ ի նկատի չի ունեցել, թե նախագահական ընտրություններում չմասնակցելու Ծառուկյանի որոշումը իր համար է արվել:

 

Page 7 of 9

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>