Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցնում են, որ այս տարի Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը բացառվում է: Պատճառը Ղազախստանի արմատական դիրքորոշումն է Լեռնային Ղարաբաղի հարցում, որը նույնիսկ Ռուսաստանի իշխանություններն անհաղթահարելի խոչընդոտ են համարում: Ղազախստանը պահանջում է, որպեսզի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ դրվի, այլապես սպառնում է արգելել Հայաստանում արտադրված ապրանքների մուտքն իր տարածք:
Հայ պաշտոնյաներն ասում են, որ Մաքսային միությանը նվիրված քննարկումների ժամանակ Ղազախստանի ներկայացուցիչները չեն թաքցնում իրենց դիրքորոշումը՝ այն բացատրելով Ադրբեջանի հետ ունեցած դաշնակցային հարաբերություններով:
Ռուսաստանն էլ, ըստ էության, այնքան էլ շահագրգռված չէ Հայաստանի պատճառով հարաբերություններ փչացնել Ղազախստանի հետ: Նույնիսկ հայ պաշտոնյաներն են ընդունում, որ Հայաստանի հետ կապված իր ծրագիրը Ռուսաստանը կատարել է. փչացրել է Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները՝ անհնարին դարձնելով Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Իսկ Հայաստանը կդառնա՞ Մաքսային միության անդամ, թե՞ չի դառնա, դա այլևս Ռուսաստանի համար չորրորդական հարց է:
Աղբիւր՝ 168.am
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։