Category: Հրապարակումներ
Published on 27 January 2014
Print

Մշակութաբան, թատերագետ Արա Նեդոլյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով քաղաքական գործիչներին, քաղաքացիական ակտիվիստներին կոչ է արել միասին ձևակերպել հասարակական օրակարգը: 

Հանրային ակտիվ դեմքերի մասնակցությամբ հասարակական պահանջի ձևակերպումը Հայաստանում անհրաժեշտություն է ուկրաինական զարգացումների՞ն զուգահեռ, «Ազատության» հարցին Արա Նեդոլյանը պատասխանեց.- «Ուկրաինական դեպքերը ավելի շուտ նպաստում են, որ ակտիվանա այդ հասարակական խոսակցությունը, որը միշտ էլ կար Հայաստանում։ Բայց հիմա ես տեսնում եմ, որ ակտիվանում է և խոսակցությունը, և թեմաների առաջ քաշումը, և մյուս կողմից այդ կոնֆլիկտը, վեճը, մենամարտային ոճը»։

Արա Նեդոլյանի խոսքով, այսօր Հայաստանի քաղաքացուն պարզ չէ՝ ինչպես կարող է արդյունավետ ներգրավվել քաղաքացիական գործընթացներում։

«Հանրային ակտիվությունը շատ էական է ակցիաների ձևով, բայց դրանց ետևում կանգնած տեքստը թույլ է զարգանում»,- ասաց մշակութաբանը։

Մշակութաբանը կարևոր է համարում, որ Մաքսային միությանն ընդդիմանալու մղումը հստակեցվի և կոնկրետ ձևակերպվի որպես գաղափար.- «Միշտ կա այդ հուզումը, որ որտե՞ղ է քաղաքական պրոցեսը, որը հետևում է հասարակական հուզմանը։ Խնդիրների ակտուալիզացիայի համար մենք գոյություն ունենք, և խնդիրների և քննարկումը, և լուծումը հենց այն է, որ մեզնից սպասում է ժողովուրդը»։

Քաղաքական և քաղաքացիական ուժերի համախմբման միջոցով ընդվզում նախաձեռնելու հարցում 2008 թվականի դեպքերն առավելապես դիտարկվել որպես փորձառությո՞ւն, թե ընդդիմությունից հիասթափության առիթ:

«Դա փորձառություն է, եթե մենք հիմա կարողանանք ռեֆլեքսիայի ենթարկել»,- պատասխանեց Արա Նեդոլյանը։ 

Իսկ հերթական նախաձեռնությունն ի՞նչ կապ ունի ուկրաինական ընդվզման հետևանքների հետ.- «Ես անձամբ չեմ կարող պրոյեկտել հեղափոխություն, բայց գալու են տարբեր մարդիկ, միգուցե իրենք գիտեն ինչպես պրոյեկտել հեղափոխությունը։ Օրինակ, Շանթ Հարությունյանը ուներ տեսակետ՝ ինչպես պրոյեկտել հեղափոխությունը։ Եթե Շանթը կարողանա գալ կամ իր ներկայացուցիչները կարողանան գալ և բացատրել՝ ինչպես դա անել, այդտեղ մենք կաշխատենք, որ ոչ մի կարծիք չկորի, չմերժվի»,- ասաց մշակութաբանը։

Այսօր փորձեցինք նաև հարցումների միջոցով պարզել, թե շարքային քաղաքացիները որքանով են ուշադիր ուկրաինական զարգացումներին և այդ զարգացումներն ինչ ազդեցություն ունեն Հայաստանի քաղաքացիների կողմնորոշման հարցում։

Նրանց մեծ մասն ասում էր, որ ուշադրությամբ հետևում է ուկրաինական զարգացումներին, իսկ Հայաստանում նման դեպքերի կրկնության վերաբերյալ կարծիքները տարբեր էին։

 

Աղբիւր՝ Azatutyun.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>