Category: Հայտարարություններ
Published on 09 December 2012
Print

Համեմատությունը լավ միջոց է տրամաբանական եզրահանգումների համար։ Քաղաքականության պարագայում՝ hամեմատության հարմար եզր են հարևանները: Ինքս ժամանակին առաջիններից մեկը սկսեցի բերել վրացիների օրինակը, որոնք կաշառակերությունն արմատախիլ արեցին ամենաախտահարված համակարգում` ճանապարհային ոստիկանությունում, ունենալով նույն «մենթալիտետն», ինչ` մենք, դեռ մի բան էլ ավելի։ Հետագայում Վրաստանի ժողովրդավարությանը հղում անելը դարձավ առօրեական, միայն հազվադեպ. երբ մեր դրացիներն անհաջողություններ էին ունենում, իշխանամետ լրագրողներն առիթը բաց չէին թողնում, որ չարախնդան:

 

Վերջին մեկ-երկու ամիսը նորից Վրաստանի հետ զուգահեռ է անցկացվում, նույնպես՝ զանգվածայնորեն, ընտրությունների համատեքստում։ Իվանիշվիլին համեմատվում է Ծառուկյանի հետ։ Անձամբ ինձ թվում է, որ մեծ կարողությունից բացի, նրանք ընդհանրություն չունեն։ Տարբեր են քաղաքական կենսագրությամբ, անձնական հատկանիշներով, արտասահմանյան խաղադրույքների ներգրավվածությամբ։ Ինչպես ցանկացած մակերեսային դատողություն, այս համեմատությունն էլ սահմանափակում է մեր երևակայությունը: Իսկ Հայաստանի նախագահի այլընտրանքային թեկնածուի, ավելի ստույգ` ընդդիմության միասնական թեկնածուի շուրջ համախմբվելու համար չնչին ժամանակ է մնացել։

Տարբերակներից, որ մինչև հիմա քննարկվել են, ակնհայտորեն իշխանափոխության հոտ չի գալիս։ Օսկանյան, Տեր-Պետրոսյան, Ծառուկյան, դաշնակցության առաջնորդները` հավանական թեկնածուներից բոլորն էլ ունեն ուժեղ կողմեր, բայց նաև այնպիսի թույլ կողմեր, որոնք կխանգարեն, որ թե քաղաքական ուժերը, թե հասարակությունը համախմբվեն նրանց շուրջը։ Մեկին չի ներվելու իր ոչ վաղեմի դիրքորոշումը, մյուսի սեփական ընտրազանգվածն է նվազման ընթացքի մեջ, երրորդին միասնական թեկնածու առաջադրելու հիմնական վախն այն է, որ նա հանկարծ ու կընտրվի, չորրորդները հավանաբար այդպես էլ իրենց կուսակցության մեջ չկողմնորոշվեն որևէ մեկին գերադասելու առումով...

Այս քաղաքական ուժերի համախմբման գլխավոր փորձը հաջող անցավ, նկատի ունեմ օրենսդրական փոփոխություններ կատարելու խորհրդարանական նախաձեռնությունը, բայց միասնական թեկնածուի հարցը կարող է բախվել անձնական ամբիցիաների, որոնք հաճախ ավելի անհաղթահարելի են։ Նշված պատճառներից ելնելով՝ ես կարծում եմ, որ միասնական թեկնածուն պետք է լինի ոչ այն կուսակցություններից, որոնք այս պահին ի վիճակի են միավորվել ու թեկնածու առաջադրել։

Տարածված խոսակցություն է, որ հարկավոր է նոր դեմք, ցանկալի է` երիտասարդ, բայց նրանք, ովքեր այս մտայնությունն ունեն, թերագնահատում են քաղաքական ընթացակարգերը՝ այդպիսին գտնելուց ավելի դժվար է նրան հանրայնորեն հայտնի ու ընդունելի դարձնելը։ Մինչդեռ, իմ կարծիքով, այսօրվա քաղաքական դաշտում կա հարմար թեկնածու: Նա Պարույր Հայրիկյանն է։ Պետք չէ պատմել՝ բոլորին հայտնի է, որ մեծ փորձ ունի, հարգանքի արժանի անցյալ, իրեն դատում է խիստ չափանիշներով, ներկայանալի է:

Հաջորդ հանգամանքը, որը ցավոք սրտի Հայաստանում երկրորդն է իր կարևորությամբ՝ նա ՉՈՒՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԶՈՒՐՊԱՑՆԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍ։ Նա կարող է համակարգել ընդդիմադիր ուժերին՝ նրանց հետ պայմանավորվելով իշխանական լծակների (և հակակշիռների) քվոտաների շուրջ: Բացառված չէ նաև, որ նա դառնա խորհրդարանական կառավարման կամ իսկապես հավասար պայմաններով նոր նախագահական ընտրությունների անցման երաշխավորը։ Իհարկե, խորհրդարանում ՀՀԿ-ի ունեցած մեծամասնությունը կարող է այլընտրանքային նախագահի գործունեությանը խոչընդոտ հանդիսանալ, բայց, նկատի առնելով առկա փորձը և այդ կուսակցության պատգամավորների շահերի բնույթը, կարելի է համոզված լինել, որ գործադիր իշխանության ղեկավարի փոփոխության հետ միասին նրանցից շատերը կփոխեն իրենց հավատը։

Արդյոք չկան ավելի լավ թեկնածուներ: Որ ճիշտն ասեմ` ինձ համար կան կատարյալները։ Բարակ Օբամա։ Անգելա Մերկել։ Միայն թե երկուսն էլ հիմա զբաղված են, բացի այդ, չեն համապատասխանում նստակեցության ցենզի պահանջին` վերջին տասը տարին Հայաստանում չեն ապրել։ Նրանցից ավելի անթերիներն էլ վաղուց գտել են իրենց վերջին հանգրվանը։

Արդյոք չի՞ կարելի խոսել Հայրիկյանի թերությունների մասին։ Ինչու՞ չէ։ Ինքս էլ տարբեր տարիների հրապարակումներում քննադատել կամ հեգնել եմ նրան: Բայց քաղաքական գործիչը ոչ միայն իրավացի է լինում կամ վրիպում է, նա հաճախ նաև չի համապատասխանում իր ժամանակին: Մեր երկրում ստեղծված իրավիճակում հասել է Պարույր Հայրիկյանի ժամանակը։

Շատ չեն դեպքերը, երբ մեր քաղաքական իսթեբլիշմենթն ընդունել է մտքեր, որ յուրայիններից չեն գալիս... կամ իրենց պայծառ գլուխներում չեն ծագել։  Բայց դա չի նշանակում, որ պետք չէ առաջարկել ու պայքարել հանուն գաղափարների, որոնք կարող են կանխել լիակատար ճահճացումը, որ սպասում է Հայաստանին գործող իշխանության հերթական վերարտադրության արդյունքում։ Որովհետև հաջորդ ընտրությունները հեռու են, իսկ ճահիճը՝ մոտ, և մենք դրանք կդիմավորենք շատ ավելի վատ մեկնարկային պայմաններով ու քիչ ազնիվ սկզբունքային ընտրողներով:

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>