Category: Հարցազրիւյցներ
Published on 12 April 2016
Print

 

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում քառօրյա պատերազմը հետախուզություն էր, որն արվում է հետագա գործողությունների համար: Lragir.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը:

«Ես ռազմագիտություն բավական խորն ուսումնասիրել եմ, դա հետախուզություն էր, հետախուզություն, որն արվում է հետագա գործողությունների համար: Հետախուզության տարբեր ձևեր կան, սա հատուկ մարտական ձևերով հետախուզական միջոցառում էր»,- ասաց նա:

Ըստ Հայրիկյանի՝ այսօր Թուրքիայում, ինչպես և Ռուսաստանում կան ուժեր, որոնք չեն ուզում, որ այս հակամարտությունն ավարտվի: Ռուսաստանում չեն ուզում, որ ավարտվի՝ իրենց ներկայությունն ապահովելու համար, թեկուզ Հայաստանի մեկ քառորդը մնա: Իսկ Թուրքիայում չեն ուզում, որովհետև, ըստ Հայրիկյանի, նրանց նպատակը ոչ թե Արցախը, այլ Հայաստանը վերացնելն է:

«Դրա համար պետք է համաշխարհային կարծիք պատրաստվի, որ մեզ ճնշում են: Դա պետք է հասունացնել, բայց այսօր մենք արտաքին քաղաքականություն չունենք, Ազգային անվտանգության խորհուրդ չունենք, իրենք խաբելով են զբաղված: Ամենակարևոր բանը, որն այսպիսի իրավիճակներում մեզ անհրաժեշտ է, մի ռազմավարության շուրջ համախմբվելն է, ինչը չկա: Մենք այսօր չունենք իշխանություններ, կան ռուսական լրտեսներ»,- ասաց նա:

Անդրադառնալով Ռուսաստանի վարած քաղաքականությանը, մասնավորապես Ադրբեջանին զինելուն, Պարույր Հայրիկյանն ասաց, որ իմպերիալիզմը մնում է իմպերիալիզմ՝ իր ամենատարբեր, մեկը մյուսից վայրագ դրսևորումներով:

 

«Ես այն ժամանակ մեր խուճապահար հայրենակիցներին ասացի, որ նախագահական ընտրությունների ժամանակ ինձ վրա կրակելն այն պատճառով էր, որ ես հայտարարել եմ, որ պետք է փոփոխության ենթարկվեն հայ-ռուսական հարաբերությունները, նրանք տեսան, որ Հայրիկյանի վարկանիշը բարձրանում է, ուժի մեխանիկայով գործեցին: Այսինքն՝ իրենք ամեն ինչի ընդունակ են»,- նշեց նա:

Ըստ Հայրիկյանի՝ Հայաստանն իր անկախությունը կորցրել է ռուս-թուրքական համաձայնագրով, համաձայնագիր, որով այդ երկրները հակադրվում էին ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: «Այդ համաձայնագիրը մինչև այսօր դեռևս գործում է: Այդ երկու պետությունները, անկախ նրանից, թե ինչ դաշտում կհայտնվեն, ինչ հայտարարություններ կանեն, իրենք այդ պայմանագրի համաձայն են գործում: Ժամանակին այդ պայմանագրի երրորդ կողմ նկատվել էր Ադրբեջանը, ում որ փոխանցվեց Արցախն ու Նախիջևանը: Մենք պետք է մեզ հիմարի տեղ չդնենք: Մեր իշխանությունները ռուսների հետ խոսելու ձևը չգիտեն: Հիմա ամբողջ հարցն այն է, որ՝ «ի՞նչ պետք է անել» հարցից առաջ պետք է մտածել, թե ո՞ւմ շուրջը պետք է համախմբվել՝ խաբեբաների՞: Էս խեղճ ժողովուրդն ո՞ւմ շուրջը համախմբվի՝ նրանց, ովքեր խաբում են ու գիշեր-ցերեկ զբաղված են սեփական ժողովրդին խաբելով ու մոլորեցնելով, ասելով՝ թե մեր զենքը ժամանակակից ու լավ զենքեր են, թե հանրաքվեն շատ լավ է անցել: Ռուսները չգիտեի՞ն ինչ զենք են տալիս Ադրբեջանին: Ռուսաստանին Հայաստանը պետք է առանց հայերի»,- ասաց նա:

Թե ինչ պետք է անել հարցին ի պատասխան Պարույր Հայրիկյանն ասում է, որ այսօր շատ ավելի դժվար է անել այն, ինչ անհրաժեշտ էր անել շատ վաղուց, բայց դեռ անհնար չէ: Պարզապես, նա ով պետք է անի, պետք է հստակ հայտնի լինի իր դիրքորոշումներով, կողմնորոշումներով ու ճշմարտացիությամբ: Նախքան այս գործողությունները, նրա խոսքով, Հայաստանում կային ռուսական լրտեսների մի մեծ ցանց և մոլորվածներ: Հիմա իսկական ժամանակն է զանազանելու մոլորվածներին իրական լրտեսներից:

«Մոլորվածները զարմացած ու հիասթափված արդեն խոսում են, թե՝ այս ի՞նչ եղավ: Իսկ լրտեսները շարունակում են նույն համառությամբ ասել՝ չէ, մեկ է Ռուսաստանն է մեզ պաշտպանում», ասաց նա:

 

Աղբիւր՝ lragir.am

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>