Անդրադառնալով իր դեմ մահափորձի գործով դատավարությանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց.«Իմ դեմ մահափորձի առաջին շարժառիթի մասին մենք գիտենք: Հայաստանը պիտի դառնա Մաքսային միության անդամ, և Ձեր անկախության պայքարի առաջնորդը կարող էր խանգարել: Ռուսական իմպերիալիզմի կողմից ուղղակի հանձնարարություն է տրվել գաղտնի գործակալական ցանցին»:
Նա տեղեկացրեց, որ բողոքարկելու է էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի գործով դատավճիռը Վերաքննիչ դատարանում, որպեսզի բացահայտվի, թե ովքեր են Վ. Սեդրակյանին 100 հազար ԱՄՆ դոլար փոխանցել, ինչին, ըստ նրա, դատարանը ամբողջությամբ չի անդրադարձել:
Բացի այդ նա ասաց, որ ինքը պահանջում է այդ գումարով փոխհատուցել մահափորձից հետո իր բուժման ծախսերը` 20 մլն դրամը, որը, նրա համոզմամբ, իրեն է հատկացրել ժողովուրդը:
«Միջին հաշվով ազնիվ քաղաքացիներից յուրաքանչյուրը մոտավորապես 10 դրամ տվել է Հայրիկյանի նախնական բուժման համար: Ոչ մի քաղաքացի պարտավոր չէ հանցագործին ֆինանսավորել: Հանցագործը պետք է ինքը պատասխան տա իր արարքի համար: Այդ գումարը պետք է վերադարձվի պետական բյուջե»,- նշեց բանախոսը:
Աղբիւր՝ Hayeli.am
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։